Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարային Հորինվածքի Կառուցվածքն ու Իմաստաբանությունը
Խաչը որպես ամենահաղթ զենք
Խաչքարային հորինվածքը ներկայացնում է և խաչի, որպես ամենահաղթ զենքի իմաստաբանությունը, որի հիմքը նախ և առաջ Քրիստոսի փրկագործական խաչելությունն է, և դրանով իսկ մահվան հանդեպ նրա հաղթանակը: Խաչի զինական կերպարը ազդվել է նաև մկրտության ծեսից, Քրիստոսի կողմից դժոխքի ավերման պատմություններից, Կոստանդիանոս Մեծի և Գրիգոր Լուսավորչի տեսիլքներից: Արդյունքում խաչը դարձավ զանազան մարտնչող սրբերի, եկեղեցականների հիմնական զենքը և ունեցավ իր բազմաթիվ պատկերագրական դրսևորումները: Արտաքնապես դրա համար հիմք կարող էր ծառայել նաև խաչի ու թրի ուրվագծային նմանությունը ¥խաչի վերին ուղղաձիգ թևը որպես դաստակ, հորիզոնական թևերըª բաժանարար, իսկ ստորին ուղղաձիգ թևըª սայր¤:
Խաչի` պաշտպանելու գործառույթը մանրամասնորեն արտացոլվել է խաչքարային արձանագրություններում: Խաչը նկարագրվում է որպես թշնամիներին հաղթող և աստվածային արյամբ սրված չբթացող զենք, աստվածամուխ զենք, անմատույց աշտարակ և այլն: Մի շարք արձանագրություններ մանրամասնում են, որ արարչի արյամբ օծված է հենց կոթողը: Քանի որ սալի վրա քանդակված խաչի օծումը իրականում նշանակում էր և կոթողի օծում, այս հանգամանքն էլ հենց կարող էր նման այլախոսությունների հիմք դառնալ. օծումից որոշակի սրբազան գործառույթ է ստանում ոչ միայն խաչը, այլ նաև այն կրող կոթողը: Օծելը ընկալվում էր նաև որպես մխում. ինչպես որ դարբիններն էին ամրություն տալու նպատակով մխում զենքըª այնպես էլ խաչն է խաչելության ժամանակ մխվել Քրիստոսի արյունով: Որոշ արձանագրություններ էլ հիմք են տալիս վերականգնել նաև խաչի ՙհարձակողական՚ գործառույթը:
Խաչի և խաչքարի պաշտպանող ու մարտնչող կերպարի լայն կենցաղավարումը շատ արդիական էր հայ միջնադարում: Երբ արտաքին ներխուժումներն ու ավերները սովորական երևույթ էին և կռիվը կենսընթացի պարտադիր մասն էր, ինքնությունն արտացոլող այս կոթողները պիտի որ ներառեին և արտացոլեին այդ ապրումները նույնպես: Խաչքարային հորինվածքում խաչից անմիջապես ներքև գտնվող ուղղաձիգ արմավազարդը երբեմն ունենում է հանգուցվող գալարներ և օձանման ելուստներ, ինչը կարելի է համադրել այն վիշապների հետ, որոնք գալարվում են սրբերի խաչանիզակների տակ:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը