Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարի Տիպաբանությունն ու Ժամանակագրությունը
12-14-րդ դարերի խաչքարերը
12-րդ դ. վերջը նշանավորվեց խաչքարային մշակույթում մի շարք էական փոփոխություններով, որոնք բնութագրվում են ճարտարապետական, պատկերագրական և իմաստաբանական նոր շեշտադրումներով: Հաճախակի դարձավ զանազան պատվանդանների, մատուռատիպ կառույցների, բարդ որմնափակերի ու տարաձև քիվերի կիրառությունը: Տարածում ստացան պատկերաքանդակները, կենտրոնական խաչին զուգահեռ հորինվածքի տարբեր մասերում ¥արմավազարդի ուղղաձիգ բաղկացուցիչներ, քիվ, եզրագոտի և այլն¤ ավելի փոքր խաչաքանդակների տեղադրումը, ձևավորվեցին ուղղաձիգ արմավազարդի երկու նոր տիպեր` բուսական հենքի պսակում օձա-թռչնային հավելումներով և արմավազարդի ուղղաձիգ բաղկացուցիչների վերածում խաչակիր ձեռքերի: Նորույթ էր կենտրոնական խաչը թևերի երկատումներին համապատասխանող շրջանաձև բաղադրիչներից բաղկացած խորանի մեջ ներառելը, որի շնորհիվ խաչքարը նմանվեց մասնատուփի: 12-րդ դ. սկսած խաչքարը դառնում է միջնադարյան գերեզմանոցի համապատկերի հիմնական տարրը: Այն կանգնեցվում է հարթ կամ երկթեք տապանաքարի արևելյան ծայրին` բարձր պատվանդանի վրա, այնպես, որ հանգուցյալի ՙհայացքն՚ ուղղված լինի դեպի խաչը: Երևան են գալիս խմբակային խաչքարերը, որոնք արդյունք էին տոհմային տապանաբակերի լայն տարածման: 13-րդ դ. աննախադեպ տարածում գտան և որմնափակ խաչքարերը: Խաչքարի ՙճարտարապետականացմամբ՚ ծեսի ու երկրպագության համար ավելի մատչելի ու հարմար պայմանների ստեղծումը վկայում են նրա ծիսական գործառույթների ընդարձակման մասին:
Այս ժամանակի ամենամեծ նվաճումը խաչքարի բազմագործառնությունն ու անհատականացումն էր, ինչը խթանեց արվեստի անկրկնելի օրինակների մի ընդարձակ շարքի ստեղծումը` ընդհուպ 14-րդ դ. երկրորդ քառորդը: Նկատելի են դառնում տարածաշրջանային տարբերությունները: Կարելի է ուրվագծել Հյուսիսային Հայաստանի ¥Լոռի-Տաշիր¤, Արագածոտն-Կոտայքի, Արցախի, Ջավախքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Նախիջևանի դպրոցները: Ընդ-որում, եթե խաչքարերի որոշ տիպեր բնորոշ էին միայն կոնկրետ տարածքների, ապա մի շարք տիպեր էլ բնութագրական էին ողջ երկրի համար: Այսպես, եթե հորինվածքի բաղադրիչների մի մասը զուտ երկրաչափական, իսկ մի մասն էլ բուսականացված քանդակներով իրագործվող խումբը բնորոշ է Հյուսիսիային Հայաստանին ¥Սանահին, Հաղպատ, Հաղարծին¤, ապա հիմնականում Այրարատի կենտրոնական գավառներում, Տավուշում և Արցախում տեղակայվող մի այլ խումբ առանձնանում է խոշոր ու մանրամշակ վարդյակով ¥կամ կիսավարդյակով¤, ոճավորված ծաղկեփնջերի վերածված ուղղաձիգ արմավազարդերով, սրբերին ու մահկանացուներին ներկայացնող պատկերաքանդակներով: Եթե Խաչելությունը, Համբարձումն ու Արդար դատաստանը համատեղող Ամենափրկիչ խաչքարերի ծագման և տարածման հիմնական տարածքը Հյուսիսիային Հայաստանն է, ապա մահկանացուների պատկերաքանդակներով առանձնանում է Արցախը և այլն:
12-րդ դ. կեսերից սկսած` անկախ հորինվածքի կառուցվածքից և բաղադրիչներից, կիրառվում է քանդակազարդման երկու հիմնական ոճ: Մի դեպքում հորինվածքի առանձին բաղկացուցիչները քանդակվում են իրարից բավականին առանձնացված, կարծեք ՙվերադրվում՚ են անզարդ ետնախորքի վրա: Երկրորդ դեպքում ողջ սալը պատվում է քանդակներով համարյա ժխտելով անզարդ ետնախորքի գաղափարը: Սա խաչքարային քանդակի ամենանուրբ ու բարդ ձևն էր, հորինվածքի հստակ ընկալումն ապահովելու համար առանձին բաղադրիչներն իրարից առանձնացվում էին բազմաշերտ քանդակի միջոցով: Այս դեպքում էր, որ համահայկական հռչակ էին ձեռք բերում առանձին խաչքարերն ու դրանց վարպետները:
Որոշակի տարածում ունեին և թևավոր խաչքարերը, որոնք ծավալով նմանվում էին վաղմիջնադարյան թևավոր խաչերին, բայց կրում էին ժամանակի համար բնորոշ խաչքարային հորինվածքներ:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը