Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարի Առնչությունները Մշակութային Այլ Համալիրների Հետ
Խաչքարը և տաճարը Խաչքարը և գիրքը
Խաչքարը և տապանաքարը Տեսադարան

Խաչքարը և տաճարը
Հայ մշակութայնացված միջավայրն անհնար է պատկերացնել առանց խաչքարի. խաչքարը հանդես է գալիս որպես հոգևոր համալիրների տեղադրությունը ցուցող, նրանց շրջապատող բնական միջավայրը մշակութայնացնող ու կազմակերպող, դեպի սրբությունը հավատացյալին և ուխտավորին առաջնորդող: Սրբավայրերի ճանապարհներն ու շրջապատը ներկայանում են փոքրիկ մատուռներով, խաչքարերով, սուրբ ծառերով ու աղբյուրներով: Հայ եկեղեցին հետևում էր սուրբ Ներսեսին վերագրվող կանոնին, որն արգելում էր քրիստոնեական տաճարում թաղումներ կատարելը: Եվ թեև 10-րդ դ. սկսած որոշ տաճարներին արևմտյան կողմից կցվող գավիթները հնարավորություն ստեղծեցին իշխանական տներին ունենալ սեփական փակ տապանատուն, եկեղեցու հարևանությամբ թաղվելու և խաչքար կանգնեցնելու սովորույթը տևեց մինչև ուշ միջնադար: Դրանք ոչ միան գեղարվեստորեն հարստացնում էին շինության համայնապատկերը, այլև ընդգծում էին միջնադարյան հայ հասարակության առանձնահատուկ վերաբերմունքը դեպի հանգուցյալները, երբ հասարակությունն ընկալվում էր որպես ողջերի և մեռածների համահասարակություն:
Խաչքարը հանդես էր գալիս նաև որպես եկեղեցական շինությունների և հոգևոր այլ համալիրների տարածական-ծավալային լուծման կամ հարդարման մանրամաս` օգտագործվելով որպես շինանյութ, վանքի և տաճարի գեղարվեստական հարդարման մաս, հաճախ էլ շրջապատի խաչքարերն ու քանդակազարդ բեկորները հավաքվում են հոգևոր շինությունների պատերին կից և ձևավորում բացօթյա ցուցասրահներ:
Խաչքարն իր ծավալային-քանդակային լուծումով ցուցաբերում է քրիստոնեական տաճարին բնորոշ ճարտարապետական-գործառական հատկանիշներ. նրա հորինվածքի ուրվագիծը մի դեպքում ներկայացնում է արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև տաճարի հատակագիծը, մի այլ դեպքումª գմբեթավոր տաճարի ուղղաձիգ կտրվածքը, երրորդ դեպքում նմանվում է տաճարի քանդակազարդ մուտքի, խորանի և այլն: Քննությունը ցուցում է, որ խաչքարն իր հորինվածքում համադրելով եկեղեցական կառույցի երկակի չափումը ¥արևմուտք-արևելք և ներքև-վերև¤, դրանով իսկ միավորում է ծիսականն ու գաղափարականը ¥որը եկեղեցական կառույցում մնում է որոշակիորեն անջատ¤, ինչը հավատացյալի համար էլ ավելի անմիջական էր դարձնում նրա հետ սրբազան հաղորդակցությունը:
Խաչքարը և տապանաքարը
Խաչքարերի ամենամեծ հավաքածոները ծագում են միջնադարյան վանքերից ու գերեզմանոցներից, ինչը հիմք է հանդիսացել, որ խաչքարը դիտարկվի որպես գերեզմանաքար: Խաչքարերն ի մոտո հետազոտողները հակված են, ընդհակառակը, խաչքարը հեռացնել այդ ՙտխուր՚ կերպավորումից: Սակայն թաղման հետ խաչքարի կապն այն դեպքում, երբ այն կանգնեցված է գերեզմանի վրա, հազիվ թե որևէ կասկած հարուցի: Խաչքար կարելի էր կանգնեցնել ցանկացած առիթով, որը չէր հակասում ժամանակի քրիստոնեական աշխարհընկալմանն ու բարոյականությանը, այսու` մահը միջին դարերում խաչքար կանգնեցնելու ամենահիմնական առիթն էր: Այլ խնդիր է, որ խաչքարը հայ միջնադարյան գերեզմանային կառույցում իրագործել է նրա ուղղաձիգ բաղկացուցիչի գործառույթը: Օրինաչափ է, որ միջնադարում համարյա բացառվում էր, որ հարթ տապանաքարի վրա խաչային հորինվածք քանդակեին: Մինչև խաչքարի առաջացումը գերեզմանային կառույցի վերգետնյա բաղկացուցիչը, որպես կանոն, իրենից ներկայացնում էր կամ երկթեք վերնամասով ուղղանկյուն-զուգահեռանիստ ¥տապանի կամ եկեղեցական բազիլիկ կառույցի մոդելը¤ կամ ուղղակի հորիզոնական դիրքով դրված տափակ սալ: Խաչքարի առաջացումով և անհատականացումով գերեզմանական կառույցը ձեռք բերեց կանոնավոր երկմասություն. հորիզոնական դիրքով դրվող հարթ ¥կամ ուղղանկյուն-զուգահեռանիստ¤ տապանաքար և ուղղաձիգ կանգնեցվող խաչքար: Եթե տապանաքարն իր անզարդ ու անգիր տեսքով ու հորիզոնական դիրքով խորհրդանշորեն իրականացնում էր խզումը, ապա խաչքարըª իր հորինվածքով, արձանագրությամբ, երբեմն էլ պատկերաքանդակով, և ուղղաձիգությամբ ընդհակառակըª իրագործում էր սրբազան կապը: Խաչքարը կանգնեցվում էր գերեզմանի արևելյան ծայրին, քանդակազարդ մակերեսով` դեպի արևմուտք: Եթե նկատի ունենանք, որ հանգուցյալը թաղվում էր դեմքն ուղղած դեպի արևելք, ապա ստացվում է, որ նրա հայացքը միշտ ուղղված է վերջին օրերին իր համար բարեխոսող, հոգու փրկություն հայցող խաչին: Խաչքարը նաև իր վրա էր վերցնում հանգուցյալին վերաբերող պատկերագրական ու խոսքային ¥արձանագրական¤ ողջ տեղեկատվությունը` հանդես գալով որպես կյանքի մատյան: Այսպիսով, խաչը, որպես համընդհանուր միջնորդ, անպայմանորեն ենթադրում էր ուղղաձիգ դիրք ¥որպիսին ուներ և խաչքարը¤, և սրանով էր խաչքարն էապես տարբերվում ցանկացած տապանաքարից:
Խաչքարը և գիրքը
Ըստ պաշտոնական քրիստոնեության և հայ ավանդական մի շարք պատկերացումների, Արդար դատաստանի ժամանակ մարդկային գործերը պիտի ներկայացվեն կյանքի մատյանի օգնությամբ, որ կազմում են հրեշտակները: Խաչքարի քիվը պսակող` Ամենակալը չորեքկերպյան աթոռի վրա հորինվածքը, որն ուղեկցվում է խնդրարկու սրբերի, երբեմն էլ մահկանացուների աղերսող կերպարներով, ներկայացնում է հենց այդ դատը: Կյանքի մատյանը կարող են լրացնել նաև ինքը հավատացյալը կամ նրա մերձավորները` արձանագրելով բարի գործերը, անվան գիրը և պատկերը: Նման դեր էր հատկացվում ձեռագիր հիշատակարաններին, տաճարներին, կրոնական կենտրոններին նվիրվող կարասուն ու զարդերին, մի խոսքովª ցանկացած ՙսրբազան՚ կառույցի, մակերեսի, իրի, որի վրա կարելի էր թողնել անվան գիրը և ¥կամ¤ պատկերը: Այդ շարքում խիստ էական էր խաչքարի դերակատարումը, որը, որպես կանոն, անհատական կոթող էր և հնարավորություն էր տալիս ներկայացնել առանձին անհատի ՙգործը՚: Փաստորեն խաչքարն իր տափակ-ուղղանկյուն (այսինքն գիրք կամ գրքի էջ հիշեցնող) տեսքով, իր արձանագրությամբ ¥որը շատ նման է գրքի հիշատակարանի տեքստի), մահկանացուների պատկերաքանդակներով և, որ պակաս կարևոր չէª կոթողայնությամբ, հանդես էր գալիս որպես մի ՙկյանքի մատյան՚, որը պիտի հավատացյալին ներկայացներ Արդար դատաստանին:
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը