Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարային Հորինվածքի Կառուցվածքն ու Իմաստաբանությունը
Խաչի փրկագործական գալուստը
Խաչքարային մշակույթում էական դեր են խաղացել խաչի փրկագործական գալուստի մասին պատկերացումները` պայմանավորելով խաչքարի տեղադրության, հորինվածքի պատկերագրության և արձանագրական տեքստերի մի շարք յուրահատկությունները: Քրիստոսի և խաչի գալուստի ուղղվածությունը` ծագումը Արևելքից, պայմանավորել է խաչքարի հստակ կողմնորոշումն աշխարհի չորս կողմերի հանդեպ: Խաչքարային արձանագրությունները հայցում են, որ խաչը Քրիստոսի առջև բարեխոսի հավատացյալների համար, ինչն անիմաստ կլիներ, եթե չլիներ այն հիմնարար պատկերացումը, որ վերջին օրերին գալու է և խաչը, և որ այն լինելու է Քրիստոսի ուղեկիցն ու Արդար դատաստանի ՙմասնակիցը՚: Խաչի փրկագործական գործառույթն սկսվում է նրանով, որ այն հանդես է գալիս որպես ննջեցյալների պահապան, որի համաձայն էլ խաչքարերը կանգնեցվում էին գերեզմանների վրա: Պահպանելուն զուգահեռ խաչը նաև հավատացյալի ինքնության նշանն էր և երկրորդ գալուստին պիտի իրենով ցուցեր այն հանգուցյալին, ում նվիրված է, և իր լույսով ուղեկցեր նրան դեպի Արևելքից ծագող իրական խաչը: Խաչի, որպես յուրային-օտար տարբերակողի և սրբազան ուղեկցորդի նման ընկալումների բացահայտումը հնարավոր է դարձնում խաչքարային հորինվածքում հաճախ պատկերվող խաչակիր ձեռքերն էլ ընդունել որպես հենց ննջեցյալների խորհրդանշան, որոնք նմանով պիտի դիմավորեն իսկականը: Խաչի գալուստը ժամանակների վերջում խաչքարային մշակույթի հիմնական իմաստաբանական - պատկերագրական տարբերակներից մեկն է, և ներկայանում է մի շարք թեմաների, կերպարների ու արձանագրական տեքստերի միջոցով ¥լուսատուներ, խաչն ուղեկցող և գալարափող փչող հրեշտակներ, Արդար դատաստանը ցուցող տեսարաններ, թռչուններ, խաչակիր ձեռքեր, խաչի գալստյան սպասումը հիշատակող, խաչին լուսային հատկանիշներ վերագրող, վերջին օրերին նրա միջնորդությունն ակնկալող տեքստեր¤:
Երկրորդ գալուստի կանխանշանի կերպարի ազդեցության տակ խաչը հանդես էր գալիս նաև ընդհանրապես որպես սրբազան իրադարձության նախանշան, ինչն իր արտահայտությունն է գտել և խաչքարային մշակույթում: Ինչպես Արագածոտնը սելջուկներից ազատագրելու առիթով 1195թ. Կոշի մոտ կանգնեցրած խաչքարի արձանագրությունն է հայտնում, Պետրոսը վարդապետը խաչի տեսիլքով գուշակել էր Հայաստանի ազատագրումը սելջուկներից, իսկ տեսիլքն իրականանալուն պես կանգնեցրել է հենց ՙտեսիլքի նշանը՚:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: info@khachkar.am
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը